Հայաստանի Հանրապետության մասին

 

Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է։ Պետական իշխանությունը իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Սահմանադրությունը Հայաստանի Հանրապետության մայր օրենքն է: Պետության բոլոր ոլորտները կարգավորվում են առաջին հերթին ըստ սահմանադրական օրենքների: Մնացած բոլոր օրենքները բխում են Սահմանադրությունից: Հայաստանի Հանրապետությունում պետական իշխանությունը բաժանվում է երեք ճյուղերի՝ օրենսդիր, գործադիր և դատական:

1991թ.-ից մինչև 2018թ.-ը Հայաստանի Հանրապետությունը կիսանախագահական պետություն էր: Կիսանախագահական համակարգի դեպքում ՀՀ նախագահը պետության և գործադիր իշխանության ղեկավարն էր. ում նախագահական ընտրությունների միջոցով ընտրում էր ժողովուրդը: Նախագահը նշանակում էր ՀՀ վարչապետին: Վարչապետի առաջարկությամբ ՀՀ նախագահը նշանակում էր կառավարության անդամներին: Ինչ վերաբերում է խորհրդարանին, ապա այն ձևավորվում էր խորհրդարանական ընտրությունների միջոցով:

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունը համարվում է խորհրդարանական հանրապետություն: Խորհրդարանական ընտրությունների միջոցով քաղաքացիները ընտրում են պատգամավորների, իսկ պատգամավորները Ազգային Ժողովում ընտրում են ՀՀ նախագահին և ՀՀ վարչապետին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ի հանրաքվեով: Այնուհետ երկու անգամ փոփոխություններ են կատարվել Սահմանադրության տեքստում: Վերջին սահմանադրական փոփոխությունները կատարվել են 2015թ.-ին:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանը հռչակում է.

«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»:

Պետական իշխանության մասին

Նախագահ

Սահմանադրության համաձայն Հանրապետության նախագահը պետության գլուխն է և հետևում է Սահմանադրության պահպանմանը: Հանրապետության նախագահի ինստիտուտը գործադիր, օրենսդիր և դատական իշխանության ճյուղերի մաս չի կազմում, սակայն Հանրապետության նախագահը կարող է խորհուրդներով, փորձառությամբ, միջազգային կապերով աջակցել պետական իշխանությանը: Հանրապետության նախագահի գործառույթներն ու լիազորությունները սահմանված են Սահմանադրությամբ: Նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից 7 տարի ժամկետով: Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած այն անձը, ով վերջին վեց տարում ապրել է Հայաստանում և հանդիսանում է ՀՀ քաղաքացի: Նույն անձը Հանրապետության նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ: Ըստ Սահմանադրության ՀՀ նախագահը չի կարող կատարել այլ վճարովի աշխատանք և լինել որևէ կուսակցության ադամ: Հանրապետության նախագահը ստորագրում է Ազգային ժողովի ընդունած օրենքները, Կառավարության առաջարկությամբ կնքում է միջազգային պայմանագրեր, լուծում է քաղաքացիություն շնորհելու և դատապարտյալներին ներում շնորհելու հարցերը, պարգևատրում է շքանշաններով և մեդալներով, ընդունում է դիվանագետների հավատարմագրեր, նշանակում է դատավորներին, ՀՀ վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը:

Կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է, որը մշակում է ծրագիր և դրա հիման վրա իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը: Կառավարությունը կազմված է ՀՀ վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից: Ազգային ժողովի պատգամավորները ընտրում են վարչապետին, որից հետո նրան նշանակում է Հանրապետության նախագահը: Կառավարությունը կազմավորվում է ՀՀ վարչապետի նշանակումից հետո: Վարչապետը Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին, որից հետո Հանրապետության նախագահը նշանակում է նրանց:

Վարչապետը ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը:
Փոխվարչապետները ՀՀ վարչապետի հանձնարարությամբ իրականացնում են Կառավարության գործունեության առանձին ոլորտների համակարգումը:Փոխվարչապետներից մեկը փոխարինում է վարչապետին նրա բացակայության ժամանակ:
Յուրաքանչյուր նախարար ղեկավարում է իր նախարարության գործունեության ոլորտը:

Ազգային ժողով

Ազգային ժողովը իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը բաղկացած է պատգամավորներից: Պատգամավորներին ընտրում են 18 տարին լրացած ՀՀ  քաղաքացիները: Քանի որ Աժ պատգամավորներին ընտրում են քաղաքացիները, Ազգային ժողովը հանդիսանում է ներկայացուցչական մարմին, այսինքն՝ ներկայացնում է իր ընտրողների շահերը Ազգային ժողովում: Ազգային ժողովն իրականացնում է վերահսկողություն գործադիր իշխանության նկատմամբ: Վարչապետը և նախարարները հաճախ գնում են Ազգային ժողով, որտեղ զեկուցում են կառավարության կատարած կամ կատարվելիք աշխատանքների մասին, որից հետո պատասխանում են պատգամավորների հարցերին: Կառավարության անդամները Ազգային ժողովում նաև հաշվետվություն են ներկայացնում  պետական բյուջեի ծախսերի մասին (պետական բյուջեն պետական մարմինների գործունեությունն ապահովելու և պետության գործառույթներն իրականացնելու համար անհրաժեշտ դրամական միջոցներն է):

Դատարաններ

Դատական իշխանությունն անկախ և ինքնուրույն համակարգ է: Դատական մարմինների հիմնական խնդիրն օրենքների հիման վրա արդարադատություն իրականացնելն է:
Հայաստանի Հանրապետությունում գործում է եռաստիճան դատական համակարգ` առաջին ատյանի դատարան, վերաքննիչ դատարան, վճռաբեկ դատարան:
Հիմնականում դատական մարմիններն են լուծում այն բոլոր վեճերը, որոնք առաջանում են տարբեր մարդկանց, կազմակերպությունների և պետական գերատեսչությունների միջև:
Առաջին ատյանի դատարանի վճիռները, դատավճիռները հնարավոր է բողոքարկել համապատասխան վերաքննիչ դատարան:
Վերաքննիչ դատարանի որոշումները կարող են բողոքարկվել վճռաբեկ դատարան, որը Հայաստանում բարձրագույն դատական ատյանն է:
ՀՀ-ում արդարադատության բարձրագույն մարմինը Սահմանադրական դատարանն է:

Կարևոր է իմանալ

Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:
Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը Երևանն է:
Հայաստանի Հանրապետության ազգային եկեղեցին Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին է:
Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն՝ հորիզոնական հավասար շերտերով:
Հայաստանի Հանրապետության զինանշանն է. կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով, և պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները։
Հայաստանի Հանրապետության օրհներգը «Մեր Հայրենիք» երգն է, որը որպես օրհներգ ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1-ին և հիմնված է Առաջին Հանրապետության օրհներգի վրա՝ տեքստի չնչին փոփոխություններով։